
Թուրքիան գլխավորում է աղքատության վարկանիշը Եվրոպայում
Եվրոպայի վիճակագրական գրասենյակը (Eurostat) հրապարակել է բնակչության եկամուտների և կենսապայմանների 2024թ․վիճակագրությունը: Աղքատության ռիսկի տակ գտնվող բնակչության մասնաբաժինը 2023 թվականի համեմատ փոփոխություն չի կրել և կայուն մնացել է 16․2%-ի մակարդակում․ գրում է Ermenihaber-ը։
Հայտարարված տվյալների համաձայն՝ Թուրքիան աղքատության առումով ամենառիսկային եվրոպական երկրների շարքում զբաղեցրել է 1-ին տեղը։ Թուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող բնակչությունը կազմում է 18 մլն 675 հազար մարդ:
Ըստ Eurostat-ի 15-ից 24 տարեկան բնակչության շրջանում աղքատության ռիսկի ուսումնասիրությունների՝ ԵՄ-ում երիտասարդ բնակչության մեջ աղքատության ռիսկի մակարդակը կազմել է 21․4%, իսկ եվրագոտում՝ 21․7%:
Երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լյուքսեմբուրգում՝ 32․7%, Նորվեգիայում (29․7%) և Բուլղարիայում (26․6%): Իսկ երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրներն են՝ Սլովենիան (9․3%), Կիպրոսը (11․1%) և Իռլանդիան (11․3%):
Իսկ Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները: Թուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող երիտասարդ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 2․870 մլն: Այլ կերպ ասած՝ Թուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող բնակչության 15․4%-ը կազմում են երիտասարդները: