ABCMEDIA
Դուք պարտավոր եք գործադրել ձեր ողջ ազդեցությունը՝ իմաստնությամբ և խաղաղ հանգուցալուծելու ստեղծված կացությունը․ «Արդարություն», ՀՅԴ, ԱԺԿ կուսակցությունների համատեղ հայտարարությունը

Դուք պարտավոր եք գործադրել ձեր ողջ ազդեցությունը՝ իմաստնությամբ և խաղաղ հանգուցալուծելու ստեղծված կացությունը․ «Արդարություն», ՀՅԴ, ԱԺԿ կուսակցությունների համատեղ հայտարարությունը

«Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն, Արցախի ժողովրդավարական
կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, թերևս, մենք հանձնում ենք պետականության հասունության մեր ամենակարևոր քննությունը։
Այս իրավիճակի անարյուն, իմաստուն, և ամենակարևորը, ՕՐԻՆԱԿԱՆ հանգուցալուծումից է կախված
մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ հետագա ճակատագիրը։ Եվ այն կախված է ոչ միայն որոշումներ կայացնելու
լիազորություն ունեցող անձանց դիրքորոշումից, այլ նաև յուրաքանչյուրիս սրտացավ ներգրավվածությունից։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում ենք.

ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ.

Հարգելի՛ պարոնայք, բարձրաստիճա՛ն սպաներ։ Մենք ըմբռնում և ողջունում ենք խնդիրը
փափուկ ուժով և խաղաղ հանգուցալուծելու ձեր մոտեցումը։ Միաժամանակ, հիշեցնում և պահանջում
ենք՝ հավատարիմ մնալ պետականության և նրա ինստիտուտների պաշտպանության գործին տված
ձեր երդմանը, գործել բացառապես Օրենքի ոգուն և տառին համապատասխան։

ԱԺ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԼ ՈՒԺԵՐԻՆ.

Հարգելի՛ գործընկերներ։

Ազգային ժողովը, ինչպես և նախագահի հաստատությունը, ժողովրդի հավաքական կամքն արտահայտող
պետական երկու հիմնասյուներն են, որոնցից յուրաքանչյուրի խարխլումը հղի է պետականության
փլուզմամբ։ Դուք՝ որպես ժողովրդի ձայն, չեք կարող լուռ մնալ՝ սպասելով իրավիճակի կամայական
հանգուցալուծմանը։ Սահմանադրական կարգի պահպանումը և ձեր ստացած ձայներին տեր կանգնելը
առաջնային խնդիրն է։ Դուք պարտավոր եք հրապարակային դիրքորոշում հայտնել և լինել պետականության
պահպանման առաջին դիրքերում։

 ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ, ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ.

Մեծարգո՛ պարոնայք և գեներալներ,

Արցախի պետականությունն իր բոլոր թերություններով հանդերձ նաև ձեր ջանքերի, նվիրումի
և վաստակի արդյունք է։ Դուք պարտավոր եք գործադրել ձեր ողջ ազդեցությունը՝ իմաստնությամբ
և խաղաղ հանգուցալուծելու ստեղծված կացությունը։ Դուք բարոյական պարտք և վաստակած իրավունք
ունեք լինելու պետականության պահպանման առաջին գծում։

Ձեր լռությունը չի հասկացվելու», – ասված է հայտարարության մեջ։