ABCMEDIA
Պատերազմն Ալիևի թթվածինն է

Պատերազմն Ալիևի թթվածինն է

Վերջին
ամիսներին Ադրբեջանի իշխանական օղակն ուժի սպառնալիքից անցավ դրա անթաքույց
կիրառմանը։

Երբևէ
չդադարած դիվերսիոն ներթափանցումներին զուգահեռ, պարբերական դարձան հրետանային և
ավիացիոն միջոցների կիրառումն Արցախի և Հայաստանի սահմաններին:

Անցած
ամսվա ընթացքում էլ, մասնավորապես` Արցախում համազգային ընդվզումն սկսելուց
անմիջապես հետո, հերթական հարձակմանն անցավ մեդիան` ադրբեջանական քարոզչամեքենայի
անկյունաքարային տարրերից մեկը: Իշխանության վերահսկողության ներքո գտնվող բոլոր
լրատվամիջոցներով անդադար տարածում էին ռազմական փորձագետների կարծիքները, որոնց
ասելիքն էլ մեկն էր` առանց ակնարկների. Արցախում ռազմական գործողության
իրականացումն այլևս անխուսափելի է:

Անդրադառնանք
մի քանի առանցքային իրադարձությունների, որոնք սերտ կապված են վերոհիշյալ դեպքերի
հետ.

1)
Քաշաթաղի միջանցքի ամբողջական ագելափակում, որպես այլընտրանք «Ակնա-Ստեփանակերտ
ճանապարհի» մասին հայտարարություն` Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի
կողմից:

2) Իրար
հաջորդող զորավարժություններ, այդ թվում` Հայաստանի և Արցախի սահմանների
մերձակայքում:

3)
Ադրբեջանական ավիացիայի կատերագործման գործընթաց` Թուրքիայում:

4)
Ադրբեջանի պաշտպանության Նախարար Զաքիր Հասանովի հերթական այցը Թուրքիա:

5)
Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանի հետ,
ամենօրյա խիստ դժգոհությունների շքերթ` Հնդկաստանի վարած քաղաքականության
նկատմամբ:

 Սրանք
առանցքային կարևորություն ունեն, սակայն շատ կարևոր է շեշտել անցած երկու օրվա
ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք վերոնշյալ կետերի տրամաբանական
շարունակությունն են: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Ադրբեջանի
ներկայացուցիչը, չունենալով որևէ ծանրակշիռ հակափաստարկ, ներկայացրեց «տորթի
նկարներ»` փորձելով ներկաներին համոզել, որ Արցախում սով չկա:  Խեղկատակություն հիշեցնող այս քայլով Ադրբեջանը
փորձեց ասել, որ միջանցք հասկացություն վերացրել են և որևէ բանաձև չի կարող հետ
պահել ցեղասպան քաղաքականությունից։

Ավելի ուշ
կրակոցներ հնչեցին Կապանի օդանավակայանի ուղղությամբ, ինչից ժամեր հետո Ադրբեջանի
խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի
նախագահ Զիյաֆեթ Ասկերովը բաց տեքստով հայտարարեց` չեն թողնելու շահագործել Կապանի
օդանավակայանը, և այն ունենալու է Իվանյանի օդանավակայանի ճակատագիրը:

Այս
իրադարձությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային
ամբողջականության դեմ հնչեցված, թերևս, ամենաուղիղ սպառնալիքն էր 2021 թվականի
ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո: Սա ևս մեկ ապացույցն է` պատերազմը կամ այս
փուլում առնվազն մասշտաբային ռազմական բախումն Ադրբեջանի համար խիստ
անհրաժեշտություն է:

Երկրի
ներսում կուտակված սոցիալական խնդիրներից, ռազմական ահռելի կորուստներից, արտաքին
բևեռի ուղղությամբ տրված խոստումների առյուծի բաժինը չկատարելուց ուշադրություն
շեղելու, «հաղթանակի» էյֆորիայի ժամկետը երկարաձգելու և անվերջ իշխանության մնալու
լավագույն միջոցն Ալիևի համար ռազմական բախումներ և պատերազմ հրահրելն է:

                                                                                                                                                                                                                     Արամ Փոլադյան ադրբեջանագետ