ABCMEDIA
Կարմիր խաչի դիմաց ակցիան դադարեցվում է մինչև երկուշաբթի (թարմացված)

Կարմիր խաչի դիմաց ակցիան դադարեցվում է մինչև երկուշաբթի (թարմացված)

22։50

Կարմիր խաչի դիմաց ակցիան դադարեցվում է մինչև երկուշաբթի 

Արցախցի երիտասարդները Կարմիր խաչի Երևանի գրասենյակի դռները շուրջ 5 ժամ փակ պահելուց հետո բացել են.

«Այսօր այսքանով եզրափակում ենք մեր ակցիան մինչև երկուշաբթի։ Դրական պատասխանի դեպքում մեր շնորհակալությունը կհայտնենք Կարմիր խաչին, իսկ եթե մեզ խաբեն, նորից կշարունակենք մեր պահանջը։ Այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է մեզ համար»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ արցախցի մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել Կարմիր խաչի Երևանի գրասենյակի դիմաց՝ Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու պահանջով:

22։35 

Ցուցարարները շարունակում են փակ պահել Կարմիր խաչի Երևանի գրասենյակի բոլոր մուտքերն ու ելքերը: ԿԽՄԿ աշխատակիցները չեն կարողանում լքել գրասենյակը: 

Ցուցարարներից մի քանիսը փորձում են նամակ հանձնել կոմիտեի աշխատակիցներին:

21։00

ԿԽՄԿ Երևանի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է իրականացվում՝ մահացած Հելեն Դադայանի մարմինը Արցախ հասցնելու պահանջով:

«Կարմիր Խաչը հրաժարվում է հայտարարել, որ Բաքուն խոչընդոտում է Հելեն Դադայանի դին տեղափոխել Արցախ: Բացի այդ, եթե 1 ժամից չբացենք գրասենյակի բոլոր մուտքերն ու ելքերը, Կարմիր Խաչը կհայտարարի, որ նրանց գերեվարել են»,- ասաց ցուցարարներից մեկը:

Ցուցարարներից մեկը նշեց, որ Կարմիր Խաչից պահանջում են կատարել միայն իր պարտականությունները, ոչինչ ավելի.

«Կարմիր Խաչը չի իրականացնում իր մարդասիրական առաքելությունը: Մենք հանրային իրազեկում ենք պահանջում՝ հնարավոր բոլոր միջազգային կառույցների ներգրավմամբ»,- ասաց ցուցարարը: