ABCMEDIA
Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը․ Արայիկ Հարությունյան

Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը․ Արայիկ Հարությունյան

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի
Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո,
դրանց շոշափելի արդյունքներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը։

«Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ
դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման,
մարդու և ժողովուրդների իրավունքների ու ազատությունների երաշխավորման գործում միջազգային
հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար:

Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով
մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը՝ Արդարադատության
միջազգային դատարանի հրամաններին ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը
համապատասխան: Մեր ժողովրդի կենսագործունեության համար բավարար ու բարենպաստ միջավայր
և միջազգային երաշխիքներ ապահովելուց հետո մենք պատրաստ ենք ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման միջազգային գործընթացում:

Մենք բազմիցս ենք ընդգծել
մեր դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի առաջնահերթորեն
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ցեղասպանության կանխարգելման սկզբունքների
վրա: Ընդ որում, Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է՝   չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ուստի, անտեղի են ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների
հակադրման փորձերը» , – ասված է Հարությունյանի հայտարարության մեջ։