ABCMEDIA
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու ՀՀ կառավարության որոշումը

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու ՀՀ կառավարության որոշումը

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ողջունել է ՀՀ կառավարության՝  Արցախի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու որոշումը։ 

«Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լաչինի միջանցքի ավելի քան ութ ամիս շարունակվող անօրինական արգելափակման և Արցախի անմարդկային պաշարման  հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը քննարկման դնելու խնդրանքով:

Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ընդգծել, որ օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահը դիմել է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ կոչ անելով անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ ներգրավվածությունը և համապատասխան հրատապ որոշումների ընդունումը համարում ենք կարևորագույն գործոն, որը կարող է վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների զանգվածային կոպիտ խախտումներին և դադարեցնել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն ու համակարգված ձևով իրականացվող ակնհայտ ցեղասպան քաղաքականությունը:

Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումն ապահովելու հիմնական պատասխանատվությունը, պատշաճ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին և կայացնել որոշում Լաչինի միջանցքի ամբողջական, անհետաձգելի և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ, հրատապ և արդյունավետ միջոցների իրականացման մասին» , – ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։