ABCMEDIA
Այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է․ Արցախի ԱԳՆ

Այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունը պատասխանել է այլընտրանքային տրանսպորտային ուղիների, այն է՝ Աղդամի ճանապարհի բացման մասին  հարցին, որի վերաբերյալ քննարկումը տեղ էր գտել նաև «Կոմերսանտ» պարբերականի այսօրվա հոդվածում։ 

Հարցը հնչել է հետևյալ կերպ․ Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդվածում, հղում անելով չներկայացված ոմն զրուցակցի ռուսական պետական կառույցներից, հայտնել է Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին: Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումն այդ հարցի շուրջ:

Գերատեսչությունը պատասխանել է, որ Արցախի դիրքորոշումը միշտ եղել և շարունակում է մնալ հետևողական։

«Այդ դիրքորոշումը հիմնված է ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության վրա, որի 6-րդ կետը հստակ կերպով նախատեսում է Լաչինի միջանցքի գործունեության պարամետրերն ու կանոնակարգը, այնպես էլ՝ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների վրա:

Այս համատեքստում ցանկացած նախաձեռնություն, որը Լաչինի միջանցքի օգտագործումը, այն էլ ծայրաստիճան սահմանափակ ռեժիմով կապում է այլ հարցերի և այլընտրանքային երթուղիների հետ,  այդ թվում նաև՝ Աղդամով, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ իր միջազգային պարտավորությունների խախտումն օրինականացնելու և այդ երկրի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձ: Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող նման մոտեցումը կանխամտածված կերպով խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, ինչպես նաև հակասում է միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերին: 

Կրկին ընդգծում ենք, որ այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի և սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք և Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց, – պատասխանել է Արցախի ԱԳՆ-ն։