Մոսկվայում կայացել են Պուտին-Ռաիսի բանակցությունները
Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը, որի ընթացքում
նախագահներն անդրադարձել են Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերություններին։ Այս մասին
հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահի խոսքով՝
ռուս-իրանական հարաբերությունները շատ լավ են զարգանում, երկրներն ակտիվ համագործակցում
են գրեթե բոլոր ուղղություններով, իսկ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն
աճել է 20%-ով։
Պուտինը նաև հավելել
է, որ տարեվերջին նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, ինչը,
ըստ ՌԴ առաջնորդի, հավելյալ հնարավորություններ կստեղծի փոխգործակցության ընդլայնման
համար։
Իրանի նախագահ Էբրահիմ
Ռաիսին ևս դրական է գնահատել ՌԴ-ի և Իրանի հարաբերությունները՝ նշելով, որ վերջին տարիներին
կա առաջընթաց, սակայն երկու երկրների շահերից է բխում այն էլ ավելի զարգացնելը։
Նա հավելել է, որ ՌԴ
նախագահի հետ այս բանակցությունները կօգնեն բարենպաստ պայմաններ ստեղծել՝ կյանքի կոչելու
այն հնարավորությունները, որոնք ունեն ռուս-իրանական հարաբերությունները։
Բացի այդ, կողմերը նաև մտքեր են փոխանակել իսրայելա-պաղեստինյան
հակամարտության վերաբերյալ, քննարկել իրավիճակը Գազայի հատվածում։