
Բաքուն և Երևանը դեռ շատ բան ունեն անելու, այդ թվում՝ արդար հիմքով սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտը․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ի անփոփոխ առաջնահերթությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է։
Նա հավելել է, որ ՌԴ-ն մշտապես հանդես է գալիս, որ Բաքվի և Երևանի միջև երկար սպասված հաշտեցումը կրի կայուն բնույթ․ դա ամբողջ տարածաշրջանի համար անբաժան բաղկացուցիչ է։ Զախարովայի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայից փուլը մեկնարկել է ՌԴ ակտիվ միջնորդությամբ։ Նա նշել է, որ ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը, բառի բուն իմաստով, կանգնեցրել են արյունահեղությունը և սահմանել են խաղաղության գործընթացի հիմնական ուղղությունները։ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացում առաջընթացը։ Նա հավելել է, որ Բաքուն և Երևանը դեռ շատ բան ունեն անելու, ինչի մասին հենց իրենք են բարձրաձայնում։
Խոսքը, մասնավորապես, մնացած տարաձայնությունների հարթման, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին է։ Կողմերը պետք է նաև արդար հիմքով ավարտեն սահմանագծման և սահմանազատման գործընթացն, ապաշրջափակեն տրանսպորտային հաղորդակցությունները և անեն այնպես, որ դա բխի երկու կողմերի և տարածաշրջանի խոշոր քաղաքական, տնտեսական գործընկերների շահերից։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև այլ տարածաշրջանային հարցերի քննարկման համար լավ հարտակ է տարածաշրջանային «3+3» ձևաչափը։