ABCMEDIA
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան շարունակում է նախապայմանների վրա հենված քաղաքականությունը․ թուրքագետ

Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան շարունակում է նախապայմանների վրա հենված քաղաքականությունը․ թուրքագետ

Թուրքիայի քաղաքականությունը՝ սկսած 90-ականներից չի փոփոխվել,
այն կայուն բացասական է, կայուն ապակառուցողական է և պայմանավորվում է թուրքական հայտնի
նախապայմաններով․ այս մասին ABC Мedia-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն 
Մելքոնյանն՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր նշել է, որ Մերձավոր
Արևելքում և Հարավային Կովկասում հիմնախնդիրների կարգավորման գործընթացն արագացել է։ 

«Հարավային Կովկասում կայունության, բարգավաճման և անվտանգության
ապահովման համար կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների
կարգավորման գործընթացը զուգահեռ զարգանա», – ասել էր նա:

Մելքոնյանի խոսքով՝  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի
այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան շարունակում է նախապայմանների
վրա հենված իր քաղաքականությունը, համաձայն որի՝ հայ-թուրքական հարաբերությունները
շաղկապվում են Արցախի, Հայոց ցեղասպանության և այլ բազմաթիվ հարցերի հետ։

«Հայաստանյան իշխանության այն հայտարարությունները, որ հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է, ուղղակի կեղծիք
և ինքնախաբկանք է։ Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է մնալ ապակառուցողական
և այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանի և Թուրքիայի մեջ՝ ոչ թե հարաբերությունների
կարգավորում է կամ խաղաղության տանող ճանապարհ, այլ ուղղակի թուրքական նախապայմանների
հաղթարշավ է»,- եզրափակեց թուրքագետը