28 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի բնակչության 67%-ը չի վստահում Նիկոլ Փաշինյանին. հարցում

Հայաստանի բնակչության 67%-ը չի վստահում Նիկոլ Փաշինյանին. հարցում

Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պատասխաններին
չի վստահում հարցված քաղաքացիների ավելի քան 67-%-ը. ասուլիսի ժամանակ հայտնեց
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ
Նավասարդյանը։ 

Քաղաքացիներին նախ հարցրել են` հետևե՞լ են հուլիսի 25-ին տեղի ունեցած
վարչապետի ասուլիսին։ Հարցվածների 65%-ի պատասխանը դրական է եղել, 35%-ը հայտնել է,
որ չի հետևել։ 

«Որքանո՞վ եք վստահում նրա պատասխաններին հարցի ի պատասխան 
հարցվածների 16,1%-ը նշել է՝ լիովին վստահում է, ավելի շուտ վստահում է` 14,5%-ը, ավելի
շուտ չի վստահում` 13,1%-ը և ընդհանրապես չի վստահում` 54, 4%-ը, դժվարացել է պատասխանել
հարցվածների 1,8 %-ը։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պատասխաններին
չի վստահում ավելի քան 67%-ը, ինչը բավականին մեծ  տոկոս է»,– նշեց Նավասարդյանը։ 

Քաղաքացիներից հետաքրքրվել են` Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ
կա՞ն, թե՞ չկան։ 47,2%-ը կարծում է, որ կան, «ոչ» պատասխանը նշել է 31,1%-ը, 22,7
%-ը դժվարացել է պատասխանել։ 

«Նման բարձր ցուցանիշ մենք չենք ունեցել գոնե վերջին 13 տարվա ընթացքում,
երբ մենք քաղաքական ոլորտի վերաբերյալ հարցումներ ենք իրականացնում։ Ի դեպ, 47,2%-ին
խնդրել ենք նշել, որ եթե կան քաղբանտարկյալներ, ովքեր են նրանք։ 43,9%-ը նշել են Արմեն
Աշոտյանի, 23,7%-ը` «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի, 24,5%-ը
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի անունները: 5,2%,ն  այլ անուններ
է նշել, 39,7 %-ը դժվարացել են կոնկրետ անուն նշել»,– ասաց նա։ 

Հարց է եղել նաև երկրի հիմնական խնդիրների մասին։ Քաղաքացիների
մատնանշած խնդիրների գերակշիռ մեծամասնությունը եղել է անվտանգային հարցը։ Մասնավորապես,
32,4%-ը նշել է, որ Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը պատերազմի վտանգն է,
30,7%-ը ԼՂ հիմնախնդիրն է նշել, 30,4 %-ը` անվտանգության հետ կապված խնդիրները,
27,8%-ը կարծում է սահմանների հստակեցման խնդիրն է։ Այլ խնդիրներ ևս թվարկվել են` տնտեսական
վիճակ, գործազրկություն, գնաճ, գերիների վերադարձ, իշխանափոխության խնդիր և այլն։ 

Հարցին, թե արդյոք ընդունելի է Արցախի բնակչությանն Ադրբեջանի կազմում
ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը, 88,8%-ը բացասական պատասխան է տվել՝
նշելով, որ միանշանակ ընդունելի չէ։