ABCMEDIA
«Խորապես մտահոգված ենք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումով»․ Հայաստանաբնակ եպիսկոպոսների հայտարարությունը

«Խորապես մտահոգված ենք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումով»․ Հայաստանաբնակ եպիսկոպոսների հայտարարությունը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսները հանդես են եկել
Արցախի իրավիճակի հետ կապված հայտարարությամբ։

«Մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող թշնամական գործողությունները
ոճրագործություն են ոչ միայն Արցախի հայության նկատմամբ, այլև բացահայտ մարտահրավեր՝
ուղղված քաղաքակիրթ ողջ աշխարհին և միջազգային իրավասու կազմակերպություններին:

Կոչ ենք ուղղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցող պետությունների առաջնորդներին՝
ազդու միջոցներ գործադրել և սթափության կոչել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգելու
և կյանքի կոչելու Միջազգային արդարադատության դատարանի ս.թ. փետրվարի 22-ի միջանկյալ
և հուլիսի 6-ի եզրափակիչ որոշումները, պարտադրելով հրաժարվել բիրտ ուժի և ցեղասպան
գործողությունների միջոցով խնդիրները կարգավորելու գործելաոճից:

Խորապես մտահոգված ենք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իշխանությունների
որդեգրած դիրքորոշումով՝ կոչ ենք անում գործող իշխանություններին չհրաժարվել Արցախի
ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության ստանձնած
հանձնառություններից և համախմբել պետական ու ազգային ողջ հնարավորություններն ու ներուժը՝
ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ապահով, անվտանգ, ինքնիշխան կյանքի։ Արցախը և արցախահայությունը
կյանք ու ապագա չունեն ցեղասպանությունը պետական քաղաքականություն հռչակած Ադրբեջանի
կազմում» , – ասված է եպիսկոպոսներ հայտարարության մեջ։