ABCMEDIA
Ռազմական ագրեսորի խոսքեր են, որն սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը․ Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռազմական ագրեսորի խոսքեր են, որն սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը․ Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Euronews – ին տված
հարցազրույցին
։

«Ալիևն առաջարկում է Արցախի հայերին, որոնք այժմ կազմում են բնակչության 99,9%-ը, դառնալ
ազգային փոքրամասնություն կամ հեռանալ: Սա բացահայտ հայտարարություն է ցեղասպանության
մասին, որը նա վաղուց ծրագրել է և արդեն իրականացնում է Արցախի շրջափակման միջոցով:

Սրանք ռազմական ագրեսորի խոսքեր են, որն սպառնում է Արցախի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի
անվտանգությանը: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն
է, որը վաղուց մշակում է «Մեծ Թուրանի» նախագիծը, սա պետք է ընկալել որպես սպառնալիք
ամբողջ մայրցամաքի անվտանգությանը:

Սրանք դիկտատորի խոսքեր են, որը մարտահրավեր է նետել ամբողջ եվրոպական արժեհամակարգին
և միջազգային իրավունքին, քանի որ այդ խոսքերը բխում են ուժով հարցերը լուծելու մտադրությունից՝
առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը և բարոյական նորմերը։

Միևնույն ժամանակ աշխարհը պետք է հասկանա, որ Արցախի խնդիրը սննդի համար պայքարը չէ:
Այն ոչ թե լոկալ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական մասշտաբ ունի: Սա մի ժողովրդի պայքար
է հանուն անկախության, որի համար այն արդեն շատ բարձր գին է վճարել: Այն սպառնում է
ոչնչացնել մայրցամաքի անվտանգության բարդ համակարգը: Սա մարդկության առնվազն վերջին
100 տարիների բոլոր հումանիտար ձեռքբերումների խարխլում է: Վստահ եմ՝ աշխարհում ոչ
ոք չի ուզում, որ ցեղասպանությունը կրկին պատմական պրակտիկա դառնա»,- նշել է Վարդանյանը։