
Չեմ բացառում, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք կքվեարկեն իմ օգտին․ Դավիթ Համբարձումյան
Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հույս ունի, որ ընդդիմադիրները կմիավորվեն և հորդորել է բոլորին անել դա, քանի շատ ուշ չէ:
Դավիթ Համբարձումյանը հատկապես կարևորել է հասարակության սպասելիքներն արդարացնելու միտումը, նա ընդգծել է, որ պետք է ավելի արագ գործել, բայց գործընթացներ կան, որոնք ոչ իրենց ցանկությամբ են դանդաղում, հետևաբար, իմպիչմենտը հաջողությամբ ավարտելու առաջին գործիքը ընդդիմադիր ուժերի համախմբումն է:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՔՊ իշխանության պատգամավորների շրջանակներում ընկերներ ունի, որովհետև կոնրետ իր թեկնածության մասին դրականորեն արտահայտվելով նաև նշում են, որ ՔՊ–ից կան մարդիկ, որոնք հաստատապես կմիանան, քանի որ թեկնածուն ինքն է. «Մի քիչ նուրբ հարց է, որին բարդ կլինի արագ պատասխանել, ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ ունեմ նորմալ և դրական հարաբերություններ տարբեր շրջանակների հետ և էս գործը սկսելուց առաջ ասել եմ, որ մենք կողմ ենք հանրային լայն համերաշխության, էս հայհոյելու կուլտուրան պիտի դուրս գա, երբ սկսենք իրար չհայհոյել, այդ ժամանակ ավելի հեշտ կդառնա գործը: Իշխանության մեջ էլ մարդիկ կան, որոնց հետ նորմալ հարաբերություններ ունեմ և չի բացառվում, որ էդ մարդիկ կքվեարկեն իմ օգտին, եթե դրա մասին է խոսքը։ Պարզ ասում եմ, հիմա որ հարցնեք, թե ովքեր են, պարզ չեմ ասի՝ ովքեր են»:
Դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ իրեն էլ կարող են իշխանափոխության գործընթացից դուրս թողնել կալանավորման կամ այլ ճանապարհով, Համբարձումյանը հիշեցրել է՝ ինքը 2018-ի իշխանափոխությունից հետո ինքն առաջին կալանավորվածն էր։
«Դրանից հետո ով պաշտոնի էր, գործից հանեցին, դարձավ ընդդիմադիր, հետո կալանավորեցին, դարձավ ավելի ընդդիմադիր ու ասաց, որ իրենք քաղբանտարկյալներ են և այլն: Էս երկրում առաջին կալանավորված անձը եղել եմ ես, հետևաբար, էդ կալանավորումով Դավիթ Համբարձումյանին լռեցնել կամ գործընթացներից հանել, կամ հեռու պահել որևիցե մեկի մոտ չի ստացվելու»,-ասաց Համբարձումյանը:
Նրա կարծիքով՝ հաջողության հասնելու համար պետք է կոմպրոմատներից չխուսափել և կալանավորվելուց չվախենալ, հակառակ դեպքում Փաշինյանը մինչև 2050-ը կմնա իշխանության, իսկ երկրից ոչինչ չի մնա։
«Հին ժողովրդական ասացվածք էլ կա՝ չոր կեղտը մարդուն չի կպնում: Թող փչացնողներն իրենց մասին մտածեն, իրենց փչացվածության աստիճանի մասին մտածեն, իրենց անցած ճանապարհի մասին մտածեն: Վերջին յոթ տարում, դրանից առաջ էլ երևի, էնքան են փորձել ինձ փչացնել, որ ես դրան էլ եմ սովորել արդեն»,-եզրափակել է Մասիսի քաղաքապետը: