03 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2015 թվականից ի վեր կրկնապատկվել է

Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2015 թվականից ի վեր կրկնապատկվել է

Ռուսաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ 2015-2024 թվականներին ավելի քան կրկնապատկվել է: Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС –ը, հայտարարել է ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։

«2015-2024 թվականներին Ռուսաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունը միության երկրների հետ ավելի քան կրկնապատկվել է, և Ռուսաստանի ընդհանուր արտաքին առևտրում նրա բաժինը 8.2%-ից աճել է մինչև 13.2%», -նշել է նա՝ ելույթ ունենալով Ժնևում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված էր ԵԱՏՄ-ի գոյության տասը տարվա ընթացքում գործընկերության արդյունքներին և հեռանկարներին։

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի առևտրային կառուցվածքում աճել է նաև այն երկրների մասնաբաժինը, որոնց հետ ԵԱՏՄ անդամ պետություններն առևտրային համաձայնագրեր ունեն։ 2015 թվականին այս մասնաբաժինը կազմել է 13.9%, մինչդեռ 2023 թվականին այն աճել է մինչև 36.3%։ «Մասնավորապես՝ Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 3.6 անգամ, Իրանի հետ՝ 3.2, Վիետնամի հետ՝ 1.3, իսկ Սերբիայի հետ՝ 1.4 անգամ», – բացատրել է Գատիլովը։

ԵԱՏՄ-ն ստեղծվել է 2015 թվականի հունվարին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Ներկայում այն ներառում է հինգ երկիր՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան։ Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Չինաստանի, ԱՄԷ-ի, Իրանի և Վիետնամի։

 

Ռազմագերիներ