
Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ԵՄ-ն, ինձ հետաքրքրում է Նորին Մեծություն վրաց ժողովուրդը․ Կախա Կալաձե
Իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ԵՄ-ում Վրաստանի ընտրությունների մասին․ նրան հետաքրքրում է միայն վրաց ժողովրդի ընտրությունը: Քաղաքապետի խոսքերը մեջբերել է ТАСС-ը։
Ինչպես նշվել է, ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը համատեղ հայտարարություն էին տարածել, որում նշվում էր, որ Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհության լայնածավալ ճնշման պայմաններում:
«Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Եվրամիությունը: Ինձ հետաքրքրում է Նորին Մեծություն վրաց ժողովուրդը: Դուք պետք է հասկանաք մի բան. այս երկրի կառավարիչները սովորական քաղաքացիներն են, նրանք, ում տեսնում եք, և ոչ թե դրսից եկած մեկը: Հիշե՛ք սա: Այս երկիրը կառավարվում է բացառապես Նորին Մեծություն վրաց ժողովրդի կողմից», – լրագրողների հետ զրույցում նշել է Կալաձեն:
Շաբաթ օրը Վրաստանում կայացել են ՏԻՄ ընտրություններ: Քաղաքապետեր և քաղաքային խորհրդի անդամներ (սակրեբուլո) են ընտրվել 64 մունիցիպալիտետներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրատեղամասերի 100%-ի տվյալների մշակումից հետո, իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը հաղթել է բոլոր մունիցիպալիտետներում՝ համամասնական ցուցակներով հավաքելով երկրի ամբողջ տարածքում քվեարկած ձայների 81.7%-ը։ Թբիլիսիի գործող քաղաքապետը ստացել է մայրաքաղաքում քվեարկած ձայների 71.61%-ը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 40.93%։