
Օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալները փորձում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում. Կոբախիձե
Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձեր են անում օտարերկրյա հատուկ ծառայությունների և ծայրահեղական խմբավորումների գործակալները. հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ սադրանքների կազմակերպմանը կարող է մասնակցել մոտ 500 մարդ, որոնք գործում են արտասահմանյան կառույցների հանձնարարությամբ:
«Նախկինում հեղափոխությունների հիմնական գործիքները քաղաքական կուսակցություններն էին, հետո՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու հասարակական կազմակերպությունները։ Այժմ մեթոդները շատ ավելի կոշտ են դարձել. օգտագործվում են ծայրահեղական խմբավորումներ և գործակալներ։ Դրանք օտարերկրյա հատուկ ծառայություններն են, որ ուղղակիորեն ներգրավված են այդ գործընթացում», – հայտարարել է Կոբախիձեն։
Վարչապետը եվրոպական կառույցներին մեղադրել է նաև հակապետական գործողություններին աջակցելու համար։
«Նախկինում այդ գործընթացներին մասնակցում էր ամերիկյան բյուրոկրատիան, իսկ այժմ դրանց ուղղակիորեն միացել է նաև եվրոպականը։ Դրանք բացահայտ հակապետական գործողություններ են մեր պետության դեմ», – ընդգծել է նա։
Հիշեցնենք` Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հոկտեմբերի 4-ին: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքեց քվեների ավելի քան 80%-ը, ինչը նշանակում է, որ երկրորդ փուլ չի լինի։
Ընտրատեղամասերի փակումից հետո իրավիճակը Թբիլիսիում լարվեց․ ակցիայի մասնակիցների մի մասը փորձեց գրոհել նախագահի նստավայրն ու զավթել իշխանությունը: Բախումներ սկսվեցին, որից հետո ձերբակալվեցին ակցիայի հինգ կազմակերպիչ: