
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի վերաբերյալ
Իսրայելն ու «Համասը» հայտարարել են երկար սպասված հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնության մասին՝ Գազայի պատերազմը դադարեցնելու Դոնալդ Թրամփի ծրագրի առաջին փուլի շրջանակում. գրում է Reuters-ը:
Պատերազմը, որն ավելի քան 67 հազար զոհի պատճառ է դարձել և փոխել է Մերձավոր Արևելքի քաղաքական հավասարակշռությունը, կարող է հասնել իր ավարտին։
Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եգիպտոսում՝ Թրամփի նախաձեռնած 20-կետանոց խաղաղության պլանի առաջին փուլի վերաբերյալ։
Թրամփն իր Truth Social հարթակում գրել է․
«Շատ հպարտ եմ հայտարարել, որ Իսրայելն ու Համասը ստորագրել են խաղաղության ծրագրի առաջին փուլի համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ բոլոր պատանդները շատ շուտով կազատվեն, իսկ Իսրայելը կհանի իր զորքերը համաձայնեցված գծից՝ որպես կայուն և երկարատև խաղաղության առաջին քայլ»։
Հաջողության դեպքում այս գործարքը կլինի Թրամփի նշանակալի դիվանագիտական ձեռքբերումը, քանի որ նա խոստացել էր վերջ տալ համաշխարհային հիմնական հակամարտություններին՝ այդ թվում Գազայի և Ուկրաինայի պատերազմին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կհրավիրի կառավարության նիստ՝ համաձայնագրի հաստատման համար։
«Ծրագրի առաջին փուլի հաստատումով մեր բոլոր պատանդները կվերադառնան տուն։ Սա դիվանագիտական հաջողություն է և ազգային ու բարոյական հաղթանակ Իսրայելի համար»,– ասել է նա։
Համասը նույնպես հաստատել է համաձայնությունը՝ նշելով, որ այն ներառում է իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից և պատանդների ու բանտարկյալների փոխանակում։
«Մեր ժողովրդի զոհաբերությունները ապարդյուն չեն լինելու։ Մենք հավատարիմ ենք մեր խոստմանը՝ չհրաժարվել ազգային իրավունքներից, մինչև չապահովվի ազատությունը, անկախությունն ու ինքնորոշումը»,– ասված է Համասի հայտարարության մեջ։
Գազայի իշխանությունների տվյալներով՝ 2023-ի հոկտեմբերի 7-ի իսրայելական հարձակման մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 67 հազար մարդ, իսկ Գազայի հատվածը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Իսրայելի տվյալներով, միայն հոկտեմբերի 7-ին սպանվել էր մոտ 1200 մարդ, 251-ը պատանդառվել է, որոնցից 20-ը դեռ ողջ են համարվում։
Չնայած համաձայնագրի շուրջ բարձրացված հույսերին՝ դեռ բազմաթիվ անորոշ հարցեր են մնում՝ կապված ժամկետների, Գազայի հետպատերազմյան կառավարման և ՀԱՄԱՍ-ի ապագայի հետ։
Հրադադարի մասին հայտարարությունից հետո ուրախության դրսևորումներ են գրանցվել թե՛ Գազայում, թե՛ Իսրայելում։