
Ադրբեջանը համաձայնել է զորքեր ուղարկել Գազայի կայունացման համար․ The Times of Israel
Ադրբեջանը համաձայնել է զորքեր ուղարկել Միջազգային կայունացման ուժերին (ISF), որոնք կօգնեն ապահովել պատերազմից հետո Գազայի հատվածի անվտանգությունը։ Այս մասին The Times of Israel-ին հայտնել են հարցին ծանոթ կառավարության երեք պաշտոնյաներ։
Մինչ օրս Ինդոնեզիան միակ երկիրն է, որը հրապարակայնորեն պարտավորվել է զորքեր ուղարկել ISF-ին՝ հայտարարելով, որ առաքելության շրջանակում կուղարկի 20,000 զինվոր։
Երեք աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն նաև բանակցություններ է վարել այլ երկրների հետ, և գաղտնի կերպով նմանատիպ պարտավորություն է ստանձնել Ադրբեջանը։
Ադրբեջանի դեսպանատները Վաշինգտոնում և Թել Ավիվում չեն արձագանքել մեկնաբանության համար բազմիցս արված խնդրանքներին։
Ըստ The Times of Israel-ի՝ անցյալ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Անկարան նույնպես պատրաստ է ուժեր ուղարկել Գազա։
Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյո՞ք Իսրայելը կթույլատրի թուրքական ուժերի ներկայությունը Գազայում՝ պատերազմի սկզբից ի վեր երկու երկրների միջև կապերի վատթարացման ֆոնին։


