25 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոսանքի գնի թանկացումը դառնում է անխուսափելի․ փորձագետ

Հոսանքի գնի թանկացումը դառնում է անխուսափելի․ փորձագետ

Վերջին տարիներին դրամի ամրապնդման հետևաքնով՝ Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան շուրջ 20 մլրդ դրամ ավելցուկային դրամական միջոցներ կուտակել․ Facebook-ի իր էջում գրում է էներգետիկ հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։

«Օգոստոսի դրությամբ՝ այդ ավելցուկը, աղբյուրներիս համաձայն, հասնում է 40 մլրդ դրամի: Ակնհայտ է, որ այդ միջոցները կարող են հիմք ծառայել երկրում գազի սակագնի իջեցման համար:

Սակայն իշխանությունները որոշել են գնալ այլ ճանապարհով:

2024-ին որոշում է կայացվում չիջեցնել գազի սակագները, իսկ նշված կուտակված միջոցներն ուղղվում են Երևանում գազի նոր ենթակառուցվածքների շինարարությանը, մինչդեռ դա պետք է իրականացվեր նոր բաժանորդների միացման վճարների հաշվին: Այդ վճարները, բնականաբար, շարունակվում են կուտակվել, իսկ 2024-ի հուլիսին ՀԾԿՀ-ն որոշում է կայացնում՝ այդ գումարների մի մասն ուղղել Կիրանցում նոր գազատարի շինարարությանը՝ խդիր, որը ևս չի լուծվում:

Եվ ահա, 2024-ի դեկտեմբերի որոշմամբ՝ ՀԾԿՀ-ն այդ կուտակված գումարից շուրջ 13 մլրդ դրամ ուղղում է էլեկտրաէներգիայի սակագնի դեֆիցիտի փակմանը: Նույն որոշմամբ ՋԷԿ-երի համար գազի սակագինը սահմանվում է անտրամաբանական ցածր՝ 46 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց, մնացած տարբերությունն էլ սուբսիդավորվում է վերոնշյալ գումարից:

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց և ինչպե՞ս է ձևավորվել սակագնային այդ դեֆիցիտը:

Խնդիրը արտաքին էներգետիկ քաղաքականության տիրույթում է: 2024-ին Հայաստանը Իրանից ներկրել է պայմանագրով նախատեսվածից ավելի քիչ գազ, ինչի հետևանքով 2025-ի սակագնում առաջացել է 13 մլրդ ՀՀ դրամի ճեղքվածք: Եվ ինչպես մնացած բոլոր դեպքերում խնդրի մասին ուղիղ խոսելու ու դրան լուծումներ փնտրելու փոխարեն՝ իշխանությունը կոծկում են այս իրավիճակը՝ նախընտրելով գնալ տնտեսական հաշվարկից զուրկ՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման ճանապարհով:

Իրավիճակն էլ ավելի է բարդանում էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի գործող կանոնների շնորհիվ: Մասնավորապես, ազատականացման հետևանքով՝ շուկա մուտք գործած սպառողները ավելի քիչ են վճարում էլեկտրաէներգիայի դիմաց, քան՝ նախկինում, իսկ շուկա մուտք գործած արտադրողները ավելի թանկ են վաճառում իրենց էլեկտրաէներգիան: Այս իրավիճակն իսկապես աբսուրդային է, սակայն հենց դրա արդյունքում ձևավորված տարբերությունը փաստացի հատուցում է շարքային սպառողը։ Այսինքն՝ 1.1 մլն սպառող ավելի թանկ է վճարում, որպեսզի մոտ 300 սպառող օգտվի էժան էլեկտրաէներգիայից:

Բազմիցս առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ շուկայի ազատականացումը էներգետիկ անվտանգության ուղիղ ռիսկ է Հայաստանի համար: Բերված տվյալները «գետնի վրա» են դա ապացուցում:

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների զսպումը կրում է խիստ ժամանակավոր բնույթ: Հավանաբար, նույն սխեմաների կիրառմամբ՝ դրանք կպահպանվեն նաև եկող տարի, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով սպասվող ընտրական գործընթացները: Սակայն արհեստականորեն սակագների պահպանումը չի կարող երկարաժամկետ բնույթ կրել:

«Սակագնային փուչիկը» վաղ թե ուշ պայթելու է՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական ռիսկերի:

Ի դեպ, ցանկալի կլիներ լսել նաև «ՀԷՑ»-ի նախկին ղեկավարության դիրքորոշումն այս ամենի վերաբերյալ: Խնդիրը, ինչպես տեսնում ենք, նոր չէ և հասցրել է վերածվել սակագնային քաղաքականության իրականացման կարևոր գործիքի: Ինքս եբրևէ չեմ լսել, որ «ՀԷՑ»-ը որևէ ձևաչափով բարձրացներ այս խնդիրը, որը ակնհայտորեն խոչընդոտներ պետք է առաջացներ նաև ընկերության համար»,- գրում է Դավթյանը:

Ռազմագերիներ