
Կանադայի թողարկած գովազդից հետո Թրամփը հայտարարել է այդ երկրի հետ առևտրային բանակցությունների դադարեցման մասին
Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի հետ առևտրային բանակցությունների դադարեցման մասին։ Պատճառն Օնտարիոյի նահանգային կառավարության թողարկած գովազդն է, որտեղ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը խոսում է մաքսատուրքերի մասին։
«Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամը հենց նոր հայտարարեց, որ Կանադան խարդախորեն օգտագործել է կեղծ գովազդ, որտեղ Ռոնալդ Ռեյգանն իբր բացասաբար է խոսում մաքսատուրքերի մասին։ Մաքսատուրքերը շատ կարևոր են ԱՄՆ ազգային անվտանգության և տնտեսության համար։ Նրանց անպարկեշտ վարքագծի պատճառով Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները կասեցված են», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Կանադայի Օնտարիո նահանգի կառավարության թողարկած գովազդում մեջբերվել են Ռեյգանի 1987 թվականի ելույթից հատվածներ։ Մի րոպե տևողությամբ գովազդում լսվում է Ռեյգանի ձայնը, որն ասում է, որ երբ ինչ-որ մեկն առաջարկում է մաքսատուրքեր սահմանել օտարերկրյա ներմուծման համար, թվում է՝ նա հայրենասիրաբար է վարվում, և «երբեմն, որոշ ժամանակով, դա աշխատում է, բայց միայն որոշ ժամանակով»։ «Բայց երկարաժամկետ հեռանկարում նման առևտրային արգելքները վնասում են յուրաքանչյուր ամերիկացու՝ և՛ աշխատողների, և՛ սպառողների», – շարունակում է Ռեյգանը։
Գովազդը հրապարակել է Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը։ «Պաշտոնական. Օնտարիոյի նոր գովազդային արշավն արդեն ԱՄՆ-ում մեկնարկել է։ Մենք օգտագործում ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Կանադայի նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ պայքարելու համար», – գրել է նա։


