
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը. նշված է հայտարարության մեջ:
ՄԻՊ-ի խոսքով՝ այդ իրավունքները խախտվում են ամենօրյա ռեժիմով. դրանք հատկապես մեծ ծավալներ ու տարածում են ստանում հանրային հնչեղություն ունեցող դեպքերով:
«Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների հավաքագրումը կամ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների տարածումը ոչ միայն հակասում են Սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին, այլև հանդիսանում են մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտում։ Այդպիսի գործողությունները պետք է հանգեցնեն օրենքով սահմանված պատասխանատվության։
Անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման կամ ապօրինի տարածման հարցում դերակատարություն ունեն բոլոր սուբյեկտները, և խախտումները համատարած են Հայաստանի Հանրապետությունում:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետությունն է պատասխանատու խախտումները կանխարգելելու կառուցակարգեր մշակելու, իսկ դեպքերի առկայության պարագայում` անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում:
Ուստի, Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը», – ասվում է հայտարարության մեջ:

