
Պապուաշվիլին մեկնաբանել է՝ ինչո՞ւ Վրաստանը չի մասնակցելու Եվրանեսթի ԽՎ-ի երևանյան նիստին
Եվրանեսթը Եվրոպական խորհրդարանի և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության և երկխոսության հարթակ է: Այն փաստը, որ Ադրբեջանն ու Վրաստանը չեն մասնակցում Հարավային Կովկասի տարածաշրջանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին, հաստատում է Եվրոպական խորհրդարանի անպատշաճ վարքագիծը. հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Նա նշել է, որ Եվրանեսթը փաստացիորեն մեկուսանում է Արևելյան գործընկերությունից և ձգտում է տարածաշրջանային քաղաքականություն կառուցել իր սեփական քաղաքական նախասիրությունների հիման վրա:
Պապուաշվիլին ամոթալի է անվանել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին Եվրանեսթի ԽՎ նիստին հրավիրելը:
«Մենք չենք պատրաստվում մասնակցել այդ ֆարսին: Մենք չենք կարող օրինականացնել որոշ եվրոպացի խորհրդարանականների թշնամական հռետորաբանությունը Վրաստանի կառավարության նկատմամբ», – հավելել է խոսնակը:
Եվրանեսթի ԽՎ 12-րդ լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-30-ը Երևանում: Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները հրաժարվել են մասնակցել միջոցառմանը:


