25 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բժշկական համագումարի մասնակիցները դիմել են ԱՀԿ-ին՝ կոչ անելով վերականգնել արցախցիներին բուժօգնություն ստանալու իրավունքը

Բժշկական համագումարի մասնակիցները դիմել են ԱՀԿ-ին՝ կոչ անելով վերականգնել արցախցիներին բուժօգնություն ստանալու իրավունքը

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի ընդհանուր առմամբ
շուրջ 2500 մասնակիցները, համագումարի նախագահության և Հայկական բժշկական միջազգային
կոմիտեի հետ միասին նամակով դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության
գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։ Նրանք կոչ են արել անհապաղ միջոցներ
ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար
ճգնաժամը հաղթահարելու, ինչպես նաև կազմակերպության լծակները գործադրելով՝ Ադրբեջանին
պարտադրելու դադարեցնել Արցախի անօրինական շրջափակումը։ Կոնգրեսի անունից համանման
նամակներ են ուղարկվելու նաև ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին։

ԱՀԿ-ին հասցեագրված նամակում մասնավորապես ասվում է․

«Մեր հայրենակիցներն այնտեղ պայքարում են օրվա հացի համար և չունեն
տարրական բժշկական ծառայություններին հասանելիություն։ Ադրբեջանի իշխանությունները
շարունակում են անտեսել շրջափակումը վերացնելու միջազգային հանրության կոչերը և արհամարհում
են Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումը։

Որպես Հիպոկրատի երդման հետևորդներ՝ մենք չենք ընդունում որևէ իրավիճակ,
որը խախտում է մարդու բժշկական օգնության հասանելիության հիմնարար իրավունքը։ Սույն
նամակով մենք խնդրում ենք Ձեզ անել Ձեր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն
ինչ և օգտագործել կազմակերպության բոլոր լծակները՝ դադարեցնելու համար Ադրբեջանի կողմից
Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումը։ Մենք ակնկալում ենք ԱՀԿ հռչակած արժեքներին
համապատասխան  արդյունավետ գործնական միջոցների ձեռնարկում՝ ուղղված Լեռնային
Ղարաբաղի մարդկանց տառապանքների թեթևացմանը և ռեպրեսիվ Ադրբեջանի շարունակական ագրեսիայից
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների պաշտպանությանը»։