
Փաշինյանը շատ ճկուն գործիչ է․ ադրբեջանցի «բնապահպանը»՝ երևանյան այցի մասին
Հայ հասարակությունը տարբեր կերպ է արձագանքել Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի շրջանակներում նախագծերի իրականացմանը, սակայն, ընդհանուր առմամբ, արձագանքները դրական են եղել. մենք որևէ բացասական արձագանք չենք տեսել երևանցիների կողմից: Այս մասին «Մինվալ Պոլիտիկայի» հետ զրույցում նշել է «Քաղաքացիական խաղաղության հարթակի» տնօրեն Դիլյարա Էֆենդիևան՝ կիսվելով անցյալ շաբաթ Հայաստանի մայրաքաղաք կատարած իր այցի տպավորություններով։
«Իհարկե, սա իմ առաջին հանդիպումը չէր այս ձևաչափով իմ հայ գործընկերների հետ: Մենք իրականացրել ենք բազմաթիվ տարբեր նախագծեր, այդ թվում՝ ուղղված խաղաղության ամրապնդմանը, բայց սա առաջին անգամն էր, որ մենք դա անում ենք պետական մակարդակով աջակցվող ձևաչափով: Ահա թե ինչու մեր բոլոր գործողությունները վստահություն են ներշնչում այս խաղաղության ծրագրի իրագործելիության և այն լիարժեքորեն իրականացնելու նկատմամբ», – նշել է ակտիվիստը։
Արցախի շրջափակման օրերին ճանապարհը փակած Դիլյարա Էֆենդիևան որակումներ է տվել նաև հայ հասարակության մասին: «Նիկոլ Փաշինյանի թիմը և նրա վարած քաղաքականությունն ունեն բազմաթիվ հակառակորդներ՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, այսպես կոչված, «ղարաբաղյան կլան» և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։ Այս ուժերը համաձայն չեն այս մոտեցման հետ. նրանք դեռևս լի են ռևանշիստական զգացմունքներով և դեմ են խաղաղությանը»։
Նա նաև խոսել է«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացիների ժամանմանը երևանցիների արձագանքի մասին․ «Այո՛, մարդիկ, անշուշտ, զարմացան՝ տեսնելով ադրբեջանական ինքնաթիռը։ Եվ երբ մենք զբոսնում էինք Երևանում, որոշ մարդկանց դեմքերի արտահայտություններից պարզ էր, որ նրանք հասկանում էին, թե ովքեր ենք մենք։ Բայց բացասական արձագանք չկար. մենք բացարձակապես որևէ բացասական բան չնկատեցինք։ Կարծում եմ՝ սա նորմալ արձագանք է, հատկապես, որ խոսքը Կովկասի մասին է։ Ավելին, քաղաքական տեսանկյունից դա նորմալ է»։
Շարունակելով երևանյան հանդիպման թեման՝ էկոակտիվիստը նշել է, որ մի քանի օր առաջ հեռախոսազանգ է ստացել Ռուսաստանի հայ սփյուռքի շատ ազդեցիկ գործչից, որի անունը նա հրաժարվել է նշել․ «Այս անձը իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին և ասել, որ երկար ժամանակ սպասում էր նման քայլերի և շատ ուրախ է, որ երկու պետությունները հասել են հաղորդակցության այս ձևաչափին»։
Ադրբեջանցի ակտիվիստը խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի մասին։ «Ես կարծում եմ, որ Փաշինյանը շատ ճկուն քաղաքական գործիչ է, որը արագորեն հասկացավ իրականությունն ընդունելու և իրավիճակից Հայաստանի օգուտները մաքսիմալացնելու անհրաժեշտությունը»,-ասել է նա։


