26 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է գնալ սրացման, բայց սառը հաշվարկներով, գրագետ քայլերով․  քաղաքագետը՝ ԱՀ նախագահի հայտարարության մասին

Պետք է գնալ սրացման, բայց սառը հաշվարկներով, գրագետ քայլերով․ քաղաքագետը՝ ԱՀ նախագահի հայտարարության մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց ծայրահեղ
քայլերի գնալու անհրաժեշտության  մասին՝ տեղեկացնելով, որ միանում է Ստեփանակերտի
Վերածննդի հրապարակում իրականացվող նստացույցին։ Դիմելով միջազգային հանրությանը՝ Հարությունյանը
շեշետեց, եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային հանրությունը չապահովի արցախցու պահանջները,
կգնան կտրուկ քայլերի։

Քաղաքագետ, «Այլընտրանքային նախագծի խմբի» ղեկավար Վահե Հովհաննիսյանն
ABC Media-ի հետ զրույցում նշեց՝ դժվար է պատկերացնել, թե որոնք են այդ «կտրուկ քայլերը»։

«Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները, Արցախում
ստեղծված բողոքի ակցիաները, մեղմ ասած, լավ կյանքից չեն և ինչ-որ տեղ ճարահատյալ քայլեր
են։

Շատ անհասկանալի վիճակ ենք ձևավորել Արցախի
շուրջ, որտեղ կա նաև մեր մեղքը։ Ամեն ինչ չէ, որ պետք է բարդել աշխարհի անտարբերության
կամ միջնորդների անտարբերության վրա»,-նշեց քաղաքագետը։

Հովհաննիսյանի պնդմամբ՝ մենք արել ենք սխալներ թե՛ մինչև շրջափակումը,
թե՛ շրջափակման 220 օրվա ընթացքում։

«Ստացել ենք մի վիճակ, որի ելքերը չեն երևում։ Սա նոր իրականություն
է, և Արցախում ապրող մարդիկ դա զգում են՝ ի տարբերություն Հայաստանում և այլուր ապրողների։
Իրենց մաշկի վրա զգում են՝ ինչ է նշանակում երեխայի համար չունենալ սնունդ, ինչ է նշանակում
չունենալ դեղ հիվանդի համար, ապրել ադրբեջանական տանկերի ուղիղ նշանառության տակ։ Արցախում
ապրող մեր հայրենակիցները իրենց մաշկի վրա զգում են վիճակի ծայրահեղականությունը»,-նշեց
նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկել, թե ով ինչ արեց կամ չարեց, այս
պահին ճիշտ չէ։

«Մենք բոլորս շատ վատ վիճակում ենք և ճարահատյալ քայլեր ենք անում։
Իմ համոզմամբ ելքեր և լուծումներ կան։ Ես ընդունում եմ, որ պետք է գնալ սրացման, բայց
սրացման պետք է գնալ բացառապես սառը, ռացիոնալ հաշվարկներով, գրագետ քայլերով։ Հակառակ
դեպքում այս վիճակը բերելու է ողբերգության, բայց եթե գրագետ գնում ենք հաղթելու, ոչ
թե հանձնվելու՝ արդյունք ստանալու ենք։ Պետք է հաշվարկել՝ ինչ ռեսուրս ունենք, պայքարի
ինչ ենթակառուցվածքներ ունենք, որովհետև մի կողմում ՀՀ իշխանությունն է, որը ոչինչ
չի անում, մյուս կողմում Արցախում ապրող մեր հայրենակիցներն են, որոնք 220 օր է շրջափակման
մեջ են։ Հայաստանում նաև կա քաղաքական ընդդիմության կազմալուծություն, ունենք տասնյակ
հազարավոր հայեր, որոնք Հայաստանում ամեն օր տառապում են այս վիճակով և չգիտեն՝ ինչ
անել»,-նկատեց Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, եթե ճիշտ և գրագետ քայլերով ստեղծենք պայքարի ինստիտուտ,
ապա կհասնենք հաջողության։