
Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում բազմաթիվ երկրներ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե մոտ ապագայում շատ ադրբեջանական ընկերություններ կարտադրեն բարձրորակ, համաշխարհային մակարդակի ռազմական արտադրանք։
«Պետությունը նույնպես աշխատում է այս ուղղությամբ, և մենք արդեն զգալիորեն ընդլայնում ենք մեր ռազմական հնարավորությունները տեղական արտադրության միջոցով՝ մեծ մասամբ բավարարելով մեր սեփական կարիքները։ Մենք արդեն արտահանում ենք ռազմական արտադրանք բազմաթիվ երկրներ», – հայտարարել է Ալիևը՝ չնշելով, թե ո՞ր պետությունների մասին է խոսքը։
Ավելի վաղ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը հանդիպել էր Ադրբեջանի ականազերծման գործակալության նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին մարդասիրական ականազերծման ոլորտում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական ուղղությունները։
Դիվանագետը նշել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել այս ոլորտում համագործակցությունը խորացնելու ապագա գործնական քայլերի վերաբերյալ։
Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների, Ադրբեջանն Ուկրաինայի ռազմաօդային ուժերին է փոխանցել ՄիԳ-29 կործանիչներ։


