
Ալիևի՝ Սևանի մասին հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանի ջրային ճգնաժամի համատեքստում․ փորձագետ
Ալիևի՝ «ռուսական կայսերական քարտեզներում Սևանա լիճ գոյություն չունի, այլ կա Գոյչա» հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին ջրային ճգնաժամի և տարածաշրջանային ռեսուրսների վերահսկման նկրտումների համատեքստում. Facebook-ի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։
«Այսօր ջրի խնդիրը դարձել է միջազգային անվտանգության առանցքային գործոններից մեկը։ ՄԱԿ-ի «Հազարամյակի նպատակ»-ների 6-րդ կետը վերաբերում է հենց ջրային անվտանգությանը։ Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում 1 միլիարդից ավելի մարդ զրկված է քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մինչև 2030-ը կարող է առաջանալ շուրջ 700 մլն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով։
Այս ամենը վկայում է, որ ջուրը դառնում է ոչ միայն կենսական ռեսուրս, այլև աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։
Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասը վերջին տարիներին գնալով ավելի է խորանում։ Ինքը՝ Ալիևը, մեկ անգամ չէ, որ խոսել է ջրի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին։
Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ շնչին բաժին հասնող վերականգնվող քաղցրահամ ջրի ներքին պաշարները Ադրբեջանում կազմում են ընդամենը 851 խմ, մինչդեռ Հայաստանում՝ ավելի քան 2329 խմ։ Սա նշանակում է, որ Բաքուն աստիճանաբար կանգնում է էկոլոգիական և սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքների առաջ։ Միջազգային փորձագետներն անգամ զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե հարցը չստանա համակարգային լուծում։
Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբյուրների ապահովումը։ Ջրի պակասը վերածվել է Ադրբեջանի անվտանգային և քաղաքական գերակա հարցերից մեկը, իսկ Սևանը՝ տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրսը, ակնհայտորեն մտնում է Բաքվի գեոռազմավարական հաշվարկների դաշտ՝ մերկացնելով պաշտոնական Երևանի նարատիվները «խաղաղության հաստատման» մասին»,- մանրամասնում է Դավթյանը:


