
Տների վաճառքը Եվրոպայում. ո՞ր շուկաներն են աճում, որոնք՝ անկում ապրում
Euronews Business-ն ուսումնասիրել է եվրոպական բնակարանային շուկայի միտումները՝ կենտրոնանալով տների վաճառքի և դրանք պայմանավորող գործոնների վրա․ գրում է Euronews-ը։
Eurostat-ի տվյալներով՝ Իռլանդիայում տների վաճառքը տարվա երկրորդ եռամսյակում կտրուկ նվազել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշվում է, որ Իռլանդիան ԵՄ չորս երկրներից մեկն է, որտեղ տարեկան կտրվածքով տների վաճառքի անկում է գրանցվել, մինչդեռ ԵՄ-ում տների ընդհանուր վաճառքը գրանցել է 10% առողջ աճ։ Իռլանդիայում վաճառված տների թիվը, ներառյալ նորակառույցները, նվազել է 10%-ով։ Վաճառքի թվերը նվազել են նաև Մալթայում՝ 6.2%-ով, Հունգարիայում՝ 5.7%-ով և Ֆինլանդիայում՝ 5.6%-ով։ Վաճառքի աճ գրանցած ԵՄ երկրներում պատկերը խառն է․ տարեկան աճը տատանվում է Դանիայում 2.2%-ից մինչև Լյուքսեմբուրգում 86.6%-ի։ Սլովենիայում և Լիտվայում, Բելգիայում, Պորտուգալիայում և Նիդեռլանդներում բնակարանային շուկան նույնպես աշխույժ է եղել։ Նշվում է, որ Եվրոպայի երկրներում գրանցված տարբեր պատկերները բացատրվում են ֆինանսավորման պայմանների, առաջարկի և պահանջարկի տարբերություններով։


