
ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն առանձնազրույց կունենա ՀՀ-ի, Ադրբեջանի և Բելառուսի իր գործընկերների հետ
ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստի շրջանակում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի իր գործընկերների հետ. գրում է ТАСС-ը։
Նիստը կկայանա նոյեմբերի 5-ին Մոսկվայում՝ Շոյգուի նախագահությամբ։ Նախատեսվում է քննարկել ԱՊՀ-ում անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև համատեղ արձագանքման հնարավոր միջոցառումները։
Շոյգուն ընդգծել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստը «վստահության վրա հիմնված հաղորդակցության իսկապես եզակի ձևաչափ է, որը թույլ է տալիս մեզ ոչ միայն բաց և կառուցողականորեն քննարկել ամենաբարդ անվտանգության հարցերը, այլև համատեղ մշակել երկրներին և ժողովուրդներին արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանելու լուծումներ՝ հիմնվելով ավանդական ընդհանուր արժեքների ամուր հիմքի վրա»։


