
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապված 34 անձ, այդ թվում՝ ադրբեջանցի
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապված 34 անձ․ հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածների թվում է եղել 1973 թվականին ծնված Միրզա Ալիևը, որը ծնունդով Ադրբեջանից է։
Նրան ձերբակալելու գործողության ընթացքում Ալիևն ինտենսիվ կրակ է բացել հատուկ նշանակության ուժերի աշխատակիցների վրա, որի հետևանքով մեկ հատուկջոկատային կրծքավանդակի շրջանում ստացել է լուրջ հրազենային վնասվածք։
Միրզա Ալիևը պատասխան կրակով վնասազերծվել է։
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ պարզվել է, որ ձերբակալվածները զբաղվել են հանցավոր խմբավորումների միջև վեճերի լուծմամբ, «կանոնները» խախտողներից տուգանքներ գանձելով, ինչպես նաև նրանց սպառնացել են սպանությամբ։
Պարզվել է նաև, որ հանցավոր գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված է եղել քրեական հեղինակություն համարվող Էլմուրազ Մամեդովը։
Ձերբակալվածների տների և բնակության վայրերի խուզարկությունների ժամանակ առգրավվել են համակարգչային սարքավորումներ և բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են արտասահմանում գտնվող «օրենքով գողերի» հետ շփվելու համար, ինչպես նաև թմրանյութեր, հրազեն և խոշոր գումար։
«Գողական աշխարհի» հետ կապված անձանց կատարած հանցագործությունները նախատեսում են մինչև 15 տարվա ազատազրկում։


