05 Նոյ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանը միջնորդել է դատարան հրավիրել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցչին

Ռուբեն Վարդանյանը միջնորդել է դատարան հրավիրել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցչին

Նոյեմբերի 4-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է միջնորդություն՝ խնդրելով դատարան հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչին։ Նա նշել է, որ դա առնչվում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկին՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու մասին հոդվածին։

Ռ. Վարդանյանի պաշտպան Է. Բաբիշևը ևս միացել է միջնորդությանը։ Մեղադրող դատախազը նշել է, որ իբրև թե միջնորդության մեջ Ռուբեն Վարդանյանը չի նշել՝ կոնկրետ ով և ինչու պետք է հարցաքննվի, ինչ ցուցմունք կարող է տալ այդ անձը և ինչ կապ ունի տվյալ ցուցմունքը մեղադրանքի հետ։ Նա հավելել է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցների ցուցմունքները անհրաժեշտ չեն սահմանը ապօրինի հատելու մեղադրանքի քննության համար։

Դատախազն ասել է՝ եթե Վարդանյանը պնդում է, թե Ադրբեջանի սահմանը հատել է օրինական ձևով և ցանկանում է դա ապացուցել, ապա դրա համար օրենքով սահմանված ընթացակարգեր կան։

Դատարանը որոշել է միջնորդությունը թողնել առանց քննության։ Դատավորը հավելել է՝ եթե այս հարցի վերաբերյալ օրենքով նախատեսված տվյալներ ներկայացվեն, հարցը կարող է նորից քննարկվել։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Ռազմագերիներ