
Եկեղեցու դեմ զրպարտչական արշավը թունավորում է հանրային գիտակցությունը, սերմանում անհամաձայնություն և թշնամանք․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել ՀՀ-ում հոգևորականների կալանավորման և իշխանությունների կողմից հակաեկեղեցական արշավի վերաբերյալ։
Այն ներկայացնում ենք ստորև․
«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականներս, արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը և վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող հակասահմանադրական, աստվածամարտ, եկեղեցազավթ և հակաեկեղեցական քաղաքականությունը, հոգևորականների անօրինական բանտարկությունը հորինված մեղադրանքներով և նրանց դիտավորյալ վարկաբեկումը, ինչպես նաև հայ ժողովրդի ազնիվ զավակների հետապնդումն ու կալանավորումը, որոնք իրենց ձայնը բարձրացրել են ի պաշտպանություն Հայ եկեղեցու։
Այս հակազգային արշավը, որն ուղեկցվում է պետական պաշտոնյաների անպարկեշտ և անընդունելի լեզվով, ինչպես նաև կեղծ և զրպարտչական տեղեկատվության տարածմամբ, թունավորում է հանրային գիտակցությունը, թուլացնում ազգային միասնությունը և սերմանում անհամաձայնություն և թշնամանք, ինչը չափազանց վտանգավոր և կործանարար է Հայրենիքի համար։
Մենք կոչ ենք անում մեր Եկեղեցու հավատավոր զավակներին զգոն լինել, չտրվել իշխանությունների սադրանքներին և չառաջնորդվել հանրային ոլորտում տարածված չարամիտ ստերով, քանի որ դրանք զզվելի և ատելի են Աստծո առաջ։
Մենք կոչ ենք անում ազգային միասնության, մեր հոգևոր և ազգային արժեքների պաշտպանության, Աստծո կողմից օծված Սուրբ Էջմիածնի՝ համայն հայության հոգևոր կենտրոնի հանդեպ հավատարմության և ժողովրդի կողմից ընտրված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ կանգնելու բոլոր մարտնչող և հավատարիմ հոգևորականների կողքին»։


