
Քանի՞ ուսուցիչ է գրանցվել մասնակցելու այս տարվա կամավոր ատեստավորմանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29, ապա Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է կամավոր ատեստավորմանը․ տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը։
«Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 53 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով: Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 8-30-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 8400 մանկավարժ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Համապատասխանաբար գրանցվել է 313 և 289 մասնակից»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նոյեմբեր-դեկտեմբերին անցկացվելիք ատեստավորումը վերջին մեկ ամսում փոփոխվել էր մի քանի անգամ։ Ըստ նախարարության՝ ընդառաջել են ուսուցիչների խնդրանքին։ Բոլորովին այլ էր մանկավարժների և ոլորտի փորձագետների արձագանքն ու կարծիքը, ինչին ABC Media-ն անդրադարձել էր օրեր առաջ։


