15 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհի «ամենաաղտոտող» երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի նախագահները չեն մասնակցի COP30-ին

Աշխարհի «ամենաաղտոտող» երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի նախագահները չեն մասնակցի COP30-ին

Աշխարհի երեք խոշորագույն աղտոտող երկրների՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդները չեն մասնակցի Բրազիլիայում կայանալիք ՄԱԿ-ի ամենամյա կլիմայական գագաթնաժողովին` COP30-ին․ գրում է Euronews-ը։

Նշվում է, որ արդյունքում, Եվրոպան գրեթե միայնակ կփորձի օգնել զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարելու հարցում։

Ըստ հրապարակման՝ ԵՄ-ն փորձում է կատարել իր կլիմայական խոստումները, սակայն բախվում է դժվարությունների, քանի որ այն այժմ ունի այլ առաջնահերթություններ՝ հիմնականում պաշտպանության և վերազինման ոլորտում։ Ուստի՝ այն փորձում է հավասարակշռություն պահպանել կլիմայի վերաբերյալ գործողությունների կատարման և սեփական պաշտպանական կարիքները հոգալու միջև։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չի մասնակցի COP30-ին, սակայն Պեկինը կներկայացնի փոխվարչապետը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին էլ երկիրը ներկայացնելը հանձնարարել է Բրազիլիայում Հնդկաստանի դեսպան Դինեշ Բհատիային։ Միացյալ Նահանգները, սակայն, COP30-ում չունի ոչ մի պատվիրակ։

Նշվում է, որ Վաշինգտոնի բացակայությունը սպասելի էր երկրի՝ գլոբալ տաքացման դեմ պայքարին ուղղված Փարիզի համաձայնագրից դուրս գալուց հետո։

ԵՄ համատեղ հետազոտական կենտրոնի 2024 թվականի տվյալների համաձայն՝ աշխարհի արտանետումների գրեթե կեսը բաժին է ընկնում Չինաստանին (29.2%), Միացյալ Նահանգներին (11.1%) և Հնդկաստանին (8.2%), մինչդեռ ԵՄ-ին բաժին է ընկնում ընդամենը 5.9%-ը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ամենամյա կլիմայական գագաթնաժողովը մեկնարկում է այսօր Բրազիլիայի Բելեմ քաղաքում և կշարունակվի մինչև նոյեմբերի 21-ը։

Ռազմագերիներ