Արցախում համաժողովրդական ընդվզում է
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր առավոտյան մեկնարկեցին
համաժողովրդական ընդվզման ակցիաները, որոնց անցկացման մասին երեկ երեկոյան հայտարարել
էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Այսօր արդեն հանրահավաքի ընթացքում Արցախի պետնախարարը հաստատեց՝
շարժումն անժամկետ է լինելու։
Հանրահավաքը մեկնարկեց Տեր Ներսես քահանա Ասրյանի խոսքով։
«Ուրիշ արցախ այլևս չենք կարող ունենալ, ոչ մի բան չի կարող փոխարինել մեր հայրենիքին,
ինչպես որ վաղը ոչինչ չի կարող փոխարինել Սյունիքին, Տավուշին, Գեղարքունիքին, Երևանին
և Հայաստանին․․․Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ»,-ասաց նա։
Ելույթ ունեցավ նաև Արցախի մարդու իրավունքների
պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Դիմելով միջազգային հանրությանը՝ Գեղամ Ստեփանյանն ընդգծեց՝
որ մարդու իրավունքների մասին խոսելն այլ բան է, իսկ գործնականում այդ ամենը գործադրելը
մեկ այլ բան։
«Մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, Արցախում
120 հազար մարդ անմարդկային զրկանքների է ենթարկվում»,-նշել է Ստեփանյանը։
Պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ, դիմելով արցախցիներին, շեշտեց․
«Մենք զիջելու, լքելու Արցախ չունենք, Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն
է։ Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում և պատասխանատվություն է»։
Պետնախարարը նաև նշեց՝ մեծ հույսեր ունեին,
թե միջազգային հանրությունը, Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը
քայլեր կձեռնարկեն իրավիճակի լուծման համար, սակայն պարզվեց, որ բոլորը դիտորդի կարգավիճակում
են։
Ներսիսյանի կոչով էլ շարժման մասնակիցները շարժվեցին դեպի Կարմիր
Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ, որտեղ միջազգային կառույցներից պահանջեցին
իրական տեղեկություններ փոխանցել Արցախում ստեղծված իրավիճակի մասին։
Լուսանկարը՝ Արցախպրեսի