
Կոլումբիայի նախագահը կոչ է արել հետաքննել Թրամփի գործողությունները Կարիբյան ավազանում
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն երեքշաբթի կարգադրել է երկրի անվտանգության ուժերին դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը Միացյալ Նահանգների հետ, մինչև Թրամփի վարչակազմը չդադարեցնի Կարիբյան ավազանում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար կասկածվող անձանց դեմ հարձակումները․ գրում է Euronews-ը։
X-ում կատարած գրառման մեջ Պետրոն ասել է, որ Կոլումբիայի զինվորականները պետք է անհապաղ դադարեցնեն «հաղորդակցությունը և այլ համաձայնագրերն ԱՄՆ անվտանգության գործակալությունների հետ»։
Նշվում է, որ մի ժամանակ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում սերտ գործընկերների հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել են։
Պետրոն գրել է, որ «թմրանյութերի դեմ պայքարը պետք է ստորադասվի Կարիբյան ժողովրդի իրավունքներին»։
Թրամփի վարչակազմի տրամադրած տվյալների համաձայն՝ օգոստոսից ի վեր միջազգային ջրերում ԱՄՆ զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 75 մարդ։
Պետրոն կոչ է արել հետաքննել Թրամփին՝ Վենեսուելայի, Էկվադորի, Կոլումբիայի և Տրինիդադ և Տոբագոյի քաղաքացիների դեմ հարվածների հետ կապված ռազմական հանցագործությունների համար։

