
Հեռուստաաշտարակին կից ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ հողամասն անցել է պետությանը
2025 թ-ի նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 95 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 417 միլիոն 659 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 7090 քմ մակերեսով հողամասի նկատմամբ. տեղեկացնում է Դատախազությունը։
«Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 7-ի վճռով բավարարվել էր:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:


