26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիդյա Մանթաշյանի ազատ արձակումը հանրային ճնշման շնորհիվ է. իրավապաշտպանների կարծիքը

Լիդյա Մանթաշյանի ազատ արձակումը հանրային ճնշման շնորհիվ է. իրավապաշտպանների կարծիքը

Այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ անցկացվող դատական նիստին բավարարվեց պաշտպանների միջնորդությունը՝  «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվեց, իսկ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն, երկրից բացակայելու արգելք և 2 միլիոն 500 հազար դրամի չափով գրավ:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը անմիջականորեն կապված է հանրային ճնշման հետ. «Այն աղմուկը, որը բարձրացվեց և այն հանրային բողոքը, որը եղավ անարդար որոշման հետ կապված, իհարկե, իր արձագանքը գտավ դատարանի այսօրվա որոշմամբ, քանի որ մեր երկրում դատարանները հիմնականում այդքան էլ զգայուն չեն մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ»: Իրավապաշտպանն ակնհայտ է համարում խտրական վերաբերմունքն ու մոտեցումը, որը պետք է հանրային դիմադրություն ստանար, ինչը որ տեղի ունեցավ:  «Եթե չլիներ հանրային դիմադրությունը, դատարանը շարունակելու էր նույն կերպ երկարաձգել Լիդյա Մանթաշյանի կալանքը», – կարծում է Զառա Հովհաննիսյանը:

Նա իրավիճակը համեմատում է երեք անչափահաս երեխաների մոր կալանքի փոխարինման հետ, երբ էլի հանրային ճնշման ներքո դատարանը խափանման միջոցը փոխեց վարչական վերահսկողության: Ամեն դեպքում՝ իրավապաշտպանը շեշտում է, որ դատարանը փոխում է ոչ թե տեսակետը, այլ պարզապես ավելի զգույշ է դառնում անարդար որոշումներ կայացնելու հարցում:

Հարցին, իսկ այս դեպքում արդա՞ր է համարում ընտրված խափանման միջոցը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր համար դեռ մութ կետեր կան քրեական հետապնդման հետ կապված, սակայն դա երկրորդային է այն դեպքում, երբ անձին զրկում են ազատությունից. «Ամեն պատճառով չի կարելի մարդու ազատությունը սահմանափակել, տանել, մտցնել քրեակատարողական հիմնարկ և դա հստակորեն արդեն իսկ շեշտադրված և բարձրաձայնված է», – եզրափակեց նա:

Իսկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ հանրային ճնշումը նշանակություն ունի, բայց մենք գործ ունենք մի իշխանության, մի համակարգի հետ, որն ամբողջությամբ ենթարկվում է ՀՀ վարչապետին։

Հարցին՝ կիրառված այլընտանքային խափանման միջոցը իրավաչափ է, թե ոչ, նա պատասխանեց. «Շինծու մեղադրանքով մարդկանց տարել են, փակել բանտերում, ես այն կարծիքին եմ, որ մեղադրանքից պետք է գլխավոր դատախազը ընդհանրապես հրաժարվի մեղադրանքից և անմեղ մարդիկ ազատ արձակվեն»։

Իրավապաշտպանը հույս ունի, որ հանրային շարունակական ճնշման դեպքում դատարանը վերջիվերջո կհրաժարվի բոլոր շինծու մեղադրանքներից:

 

Ռազմագերիներ