
Վրաստանում դատարանը հրկիզելու կասկածանքով ընդդիմադիր գործիչ է կալանավորվել
Թբիլիսիում բերման է ենթարկվել «Լելո՝ ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ալեկո Էլիսաշվիլին․ այս մասին տեղեկացրել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
Տեղեկությունը հաստատել է նաև ընդդիմադիր գործչի փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին։ Նա սակայն չի մանրամասնել, թե վստահորդն ինչո՞ւ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։
«Միակ բանը, որ կարող եմ հաստատել, այն է, որ նա կալանավորված է՝ ինձ դեռևս անհայտ քրեական գործի շրջանակում։ Երբ նրան տեղափոխեն մեկուսարան, հանդիպեմ, խոսենք, այդ ժամանակ միայն կկարողանամ մանրամասն տեղեկություններ հայտնել։ Սա, ամենայն հավանականությամբ, քրեական նոր վարույթ է, քանի որ ընթացիկ գործի շրջանակում կալանավորում նախատեսված չէր»,- հայտարարել է Ռեխվիաշվիլին։
Ընթացիկ գործը, որ մատնանշել է փաստաբանը, կրկին քրեական վարույթ է, ըստ որի՝ «Լելո՝ ուժեղ Վրաստան» ուժի ներկայացուցիչը մեղադրվում է 2024-ի դեկտեմբերի 2-ին «Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես»-ի նախագահ Ալի Բաբաևին բռնության ենթարկելու համար։
Ըստ վրացական այլ աղբյուրների՝ ընդդիմադիր գործիչը բերման է ենթարկվել նախօրեի՝ նոյեմբերի 28-ի ցույցի ժամանակ դատարաններից մեկը հրկիզելու փորձի կասկածանքով։
«Ընդդիմադիր առաջնորդը կոտրել է լուսամուտի ապակին, ներս մտել, բենզին լցրել սենյակներից մեկի տեխնիկայի և փաստաթղթերի վրա ու փորձել հրկիզել շենքը»,- ներկայացրել են լրատվամիջոցները։


