06 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք պարզապես չենք հնչեցրել կաթողիկոսի անունը, մենք գրաքննությունն ենք ի չիք դարձրել. Հովհաննես Իշխանյան

Մենք պարզապես չենք հնչեցրել կաթողիկոսի անունը, մենք գրաքննությունն ենք ի չիք դարձրել. Հովհաննես Իշխանյան

Լրագրող Հովհաննես Իշխանյանը, որին այսօր ուժով դուրս են բերել Սբ. Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ «Գարեգին Բ՝ կաթողիկոս» վանկարկելու համար, արձագանքել է տեղի ունեցածին՝ կոչ անելով ցուցաբերել «զրոհանդուրժողականություն պատարագի գրաքննությանը»:

«Սա գրաքննություն է, անարգանք հավատացյալ քաղաքացիների հանդեպ, Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտում, սահմանադրության խախտում, մեծամտություն, եսամոլություն, քինախնդրություն և մանրախնդրություն, միջազգային իրավունքի քայքայում:

Հավատացյալների հույզերի դեմ ահաբեկչություն է:

Մենք պարզապես չենք հնչեցրել կաթողիկոսի անունը, մենք գրաքննությունն ենք ի չիք դարձրել, վերադարձրել ենք ճիշտ տեքստը տեղը: Որևէ կուսակցության, հատկապես ահաբեկչական կուսակցության առաջնորդ իրավունք չունի գրաքննելու որևիցե կրոնական կազմակերպության օրինական արարողությունն ու տեքստը:

Կոչս է բոլոր գրողներին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին, երաժիշտներին, մշակութային գործիչներին ու գիտնականներին կոշտ արձագանքել այս գրաքննությանը: Ինչպես նաև իրավապշտպանները, հասարակական ու քաղաքական գործիչները, ցուցաբերեք 0 հանդուրժողականություն պատարագ գրաքննելու կապակցությամբ:

Դատախազությունն արդեն ցույց է տվել, որ այն դատախզություն չէ. հրաժարվել է գործ հարուցելուց Նիկոլ Փաշինյանի դեմ 209-րդ և 441-րդ հոդվածներով (Կրոնական կազմակերպության գործունեությանը խոչընդոտելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար):

Ուրեմն ցանկացած հավատացյալ ինքը պիտի ստանձնի իր եկեղեցու պաշտպանությունը, որովհետև իրավապահ համակարգը ստանձնել է ժողովրդավար երկիր հանձնածի քմահայճույքների իրականացումը:
Եվ ոչ միայն հավատացյալ, այլ աթեիստ, ագնոստիկ, ապաթեիստ, քանի որ սա միայն կրոնի հարց չի, կարգ ու կանոնի հարց է:

Չերկմտեք, չերկնչեք, չվախենաք: 5000 հոգու խաբելով, սպանելով Արցախը հանձնածները շատ չնչին են, որ ձեզ վախ ներշնչեն: Ազատություն գերեվարված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին:

Եվ ազատություն շանտաժներից, կոմպրոմատներից ու գայթակղություններից այն հոգևորականներին, ովքեր ընկել են 2000-ից ավելի խաչքար հանձնած դեղին մամուլի խմբագրի ճիրանները:

Հ.Գ. ինձ եկեղեցուց ուժով հեռացնելու, ազատությունից զրկելու հանգամանքը անպայման գտնելու է իրավական պատասխան, թեև բոլորս էլ գիտենք, հռչակագրի ու սահմանադրության խախտումը ջուր խմելու պես բան սարքածի հետ ի՞նչ իրավական դաշտ», – գրել է նա Facebook-ի իր էջում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026