02 Դեկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կենտրոնացած են եղել տարածքային հարցերի վրա. Axios

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կենտրոնացած են եղել տարածքային հարցերի վրա. Axios

Ֆլորիդայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները գրեթե ամբողջությամբ կենտրոնացած են եղել տարածքային հարցերի վրա. գրում է Axios-ը՝ հղում անելով երկու ուկրաինացի պաշտոնյայի։

Կիրակի օրը Ֆլորիդայում տեղի են ունեցել ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

«Կիրակի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կենտրոնացած էին այն հարցի շուրջ, թե որտեղ, ըստ խաղաղության համաձայնագրի, կլինի Ռուսաստանի հետ փաստացի սահմանը»,- նշվել է հաղորդագրության մեջ։ Աղբյուրների համաձայն՝ բանակցությունները բարդ և լարված էին, բայցև՝ արդյունավետ: Դրանք տևել են մոտ 5 ժամ։

Axios-ի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը հույս ուներ առաջընթացի հասնել տարածքային հարցում, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կարող էր ներկայացնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։

Նշվել է, որ նեղ կազմով հանդիպմանը ԱՄՆ-ն ներկայացրել են Ռուբիոն, Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ Կիևը ներկայացրել են Ումերովը, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ Պատվիրակությունների բանակցություններից հետո Ումերովն առանձին հանդիպում է ունեցել Ուիթքոֆի հետ, որից հետո զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին՝ հանդիպման արդյունքները զեկուցելու համար։

 

Ռազմագերիներ