
Ոչ ձմեռային անվադողերով երթևեկող վարորդները՝ պարեկների ուշադրության կենտրոնում
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ ապահովելով թե՛ իրենց, թե՛ երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը․ հերթական անգամ հիշեցնում են ՆԳ նախարարությունից։
«Մինչ օրս Պարեկային ծառայությունը 4․044 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 792-ով։
Հիշեցնենք, տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե․
- թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3․5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
- սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է։
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ»,- տեղեկացնում են իրավապահ համակարգից։


