14 Դեկ
2025
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Բարի գալուստ դժոխք»․ վաճառքի է հանվել Սարկոզիի բանտային հուշագրությունը

«Բարի գալուստ դժոխք»․ վաճառքի է հանվել Սարկոզիի բանտային հուշագրությունը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բանտային հուշագրությունն այսօր վաճառքի է հանվել․ գրում է Euronews-ը։

Նախկին նախագահի «Բանտարկյալի օրագիրը» («Le journal d’un prisonnier») գիրքը պատմում է ճաղերի հետևում անցկացրած 20 օրերի մասին։

216 էջից բաղկացած բանտային հուշագրությունը, որը կազմում է մոտ 11 էջ բանտարկության յուրաքանչյուր օրվա համար, Լա Սանտեի բանտը նկարագրում է որպես աղմկոտ, դաժան և «մոխրագույն» աշխարհ՝ լի «անմարդկային բռնությամբ»։

Հիշեցնենք, որ Սարկոզին անվտանգության նկատառումներով պահվել է մենախցում։

Նա գրում է, որ իր խուցը նման էր «ցածրակարգ հյուրանոցի՝ բացառությամբ զրահապատ դռան և ճաղերի»․ այնտեղ կար կոշտ ներքնակ, պլաստիկանման բարձ և ցնցուղ, որից միայն ջրի բարակ շիթ էր հոսում։

«Ամենավատն այն էր, որ ջրի այս բարակ հոսքը շատ արագ էր կանգ առնում, ինչպես ժամանակաչափը։ Անընդհատ պետք էր գտնել կոճակը և սեղմել այն», – գրում է Սարկոզին։

Ֆրանսիայի նախկին առաջնորդի խոսքով՝ բանտի մթնոլորտը «սպառնալից էր»։

«Բարի գալուստ դժոխք․ այս վայրի ամենօրյա իրականությունն ամենաանմարդկային բռնությունն էր», – շարունակում է նա։

Սարկոզին հաստատում է, որ հրաժարվել է փոքրիկ պլաստիկե սկուտեղներով մատուցվող կերակուրներից` նշելով, որ դրանց հոտն իրեն սրտխառնոց էր պատճառում: Փոխարենը նա ուտում էր կաթնամթերք, հացահատիկային բատոններ, խմում էր հանքային ջուր և խնձորի հյութ։ Նրան թույլատրվում էր օրական մեկ ժամ մնալ փոքրիկ մարզասրահում, որտեղ նա հիմնականում օգտվում էր վազքուղուց։

Սարկոզին գիրքն օգտագործում է նաև իր «լիակատար անմեղությունն» ապացուցելու համար։

«Քանի դեռ ողջ եմ, ամբողջ ուժով կպայքարեմ դա ապացուցելու համար, անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի», – գրում է նախկին նախագահը։

Հոկտեմբերին Սարկոզին դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ֆրանսիայի առաջին նախագահը, որը բանտ է ուղարկվել։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տրամադրած միջոցներով նախագահական քարոզարշավն անօրինական կերպով ֆինանսավորելու դավադրության համար։ 

Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն բանտախցում 20 օր անցկացնելուց հետո դատարանը որոշեց, որ նա ազատ կարձակվի, սակայն կգտնվի հսկողության ներքո։

Ռազմագերիներ