
Ադրբեջանում մեկնարկել է «ամենախոշոր» համաներման իրականացման գործընթացը
Ադրբեջանում մեկնարկել է խորհրդարանի ընդունած «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման իրականացումը։ Այն հիմնված է Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 19-ին համաներում հայտարարելու նախաձեռնության վրա։
Համաներման մասին օրենքի նախնական ցանկի համաձայն՝ մոտ 5000 մարդ ազատ կարձակվի, իսկ ավելի քան 3000-ի պատժաչափը կկրճատվի 6 ամսով։ Բացի այդ՝ համաներումը կվերաբերի, ընդհանուր առմամբ, ավելի քան 10.000 անձի, որոնք ունեն ազատազրկման հետ չկապված պատիժ։
Նախագծի համաձայն՝ համաներումը կտարածվի «Հայրենական պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական գործողության մասնակիցների, նրանց հարազատների և սոցիալապես խոցելի խմբերի վրա»։
Նշվում է, որ այս համաներումը կլինի Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծը։


