
Ադրբեջանում խստացվում են քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումները. HRW
Ադրբեջանի իշխանությունները խստացրել են Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նկատմամբ իրենց երկարատև ճնշումները՝ հիմնվելով քաղաքական դրդապատճառներով հետապնդումների և սպառնալիքների վրա. գրում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Վերջին ամիսներին իշխանություններն ավելի ու ավելի են թիրախավորում կուսակցության ղեկավարությանը։ Դեկտեմբերի 19-ին դատարանը կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Մուրադ Սուլթանին դատապարտել է 30-օրյա վարչական կալանքի։ Սա հաջորդել է նոյեմբերի 29-ի դատարանի որոշմանը, որով կուսակցության նախագահ Ալի Քերիմլին նախնական կալանքի տակ էր՝ իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձի մեղադրանքով։ Քերիմլին 2005 թվականից ի վեր բախվել է ճանապարհորդության արգելքի։
2025 թվականին Ադրբեջանի իշխանությունները կտրուկ սրել են իրենց արշավը «Ժողովրդական ճակատ» կուսակցության դեմ՝ կամայականորեն ձերբակալելով և կալանավորելով կուսակցության տասնյակ անդամների ամբողջ երկրում, հարուցելով կեղծ վարչական և քրեական մեղադրանքներ, ինչպես նաև կուսակցության ղեկավարությանը և անդամներին ենթարկելով այլ տեսակի ոտնձգությունների։
Ոստիկանությունն ու դատարանները հիմնվել են «մանր խուլիգանության» և «ոստիկանության հրամաններին չենթարկվելու» անորոշ և լայնորեն չարաշահվող մեղադրանքների վրա կամ քրեական մեղադրանքներ առաջադրել, որոնք, կուսակցության անդամների պնդմամբ, կեղծ են։
Կուսակցության պաշտոնյաները հայտնում են, որ առնվազն 20 անդամ ներկայում բանտարկված է։ Հետապնդումների վերաբերյալ մտահոգությունները խորացել են, երբ դեկտեմբերի 12-ին կուսակցության բանտարկված անդամ 22-ամյա Էլբեյի Քերիմլին, ենթադրաբար, ինքնասպան եղավ։ Իշխանությունները նրան ձերբակալել էին 2023 թվականի օգոստոսին, այն բանից հետո, երբ նա «Ստալին» էր գրել 2003 թվականին մահացած նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա, իսկ ավելի ուշ նրան մեղադրել էին թմրանյութերի խոշոր չափերով պահպանման համար։
Դեկտեմբերի 13-ին Բաքվի դատարանը կուսակցության անդամ Վուգար Գադիրովի համար 3 ամսվա նախնական կալանք է նշանակել զենք պահելու մեղադրանքով։ Ապրիլին դատարանը կուսակցության անդամ Մեհման Ալիևին 5 տարվա ազատազրկման է դատապարտել թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներով։ Ալիևն ասել է, որ իշխանությունները մեղադրանքներն առաջադրել են ոստիկանության կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տեսանյութեր նկարահանելու և հրապարակելու համար։
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն բոլոր այն անձանց, որոնք կալանավորվել են բացառապես խաղաղ քաղաքական գործունեության համար, վերացնեն քաղաքական ընդդիմության նկատմամբ սահմանափակումները, այդ թվում՝ Ալի Քերիմլիի նկատմամբ 20-ամյա ճանապարհորդական արգելքը, և ապահովեն կալանքի տակ բռնության և մահվան դեպքերի վերաբերյալ անկախ և անաչառ հետաքննություններ։


