25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պապիկյանն առաջարկում է Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդի հաստիք

Պապիկյանն առաջարկում է Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդի հաստիք

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք։ Ռազմական կցորդի նստավայրը լինելու է Նյու Դելիում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ հնդկական կողմի ռազմարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:

Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ։