Երկխոսությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքենը մեկնաբանել է Վաշինգտոնում ընթացող բանակցությունները
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Այս շաբաթ մենք խաղաղ բանակցություններ ենք վարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- գրել է նա։ Հանդիպման մասին լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում խոսել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
«Չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել, բայց կարող եմ ասել, որ ուրախ ենք հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ աջակցելու այս շաբաթ կայանալիք բանակցություններին, որոնց նպատակը Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան է: Իրադարձություններից առաջ չեմ ընկնի, քանի որ անցել է միայն առաջին օրը։ Կարող եմ ասել, որ այս երկրների համար խաղաղությունը հնարավոր է»,-ասել է նա։