
Հայկ Դեմոյանը մանրամասներ է ներկայացրել իր տանը տեղի ունեցած քննչական գործողությունների վերաբերյալ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը մանրամասներ է ներկայացրել այսօր իր տանը տեղի ունեցած քննչական գործողությունների վերաբերյալ։
Վարույթի շրջանակում նա հայտնել է գործը վարող ավագ քննիչ Լուսինե Հայկյանին, որ հափշտակված իրերի ցանկը կեղծ է, և Հարություն Մարությանի կողմից նախաքննությանը ներկայացվել են կեղծ տվյալներ:
Դեմոյանը նաև նշում է, որ խուզարկության արդյունքում քննչական մարմիններն այսօր առգրավել են լատունից հուշամեդալ, որը նա գնել էր Վերնիսաժից՝ 3000 դրամով:
«Համակ ուշադրությամբ հետևելու եմ, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակում հետևյալ անձանց բնակարաններում իրականացվեն համանման խուզարկություններ.
– Արարատ Միրզոյան, հարուցված քրեական գործի շրջանակում հիշատակել եմ վերջինիս կողմից գրքերի հնարավոր գողություն իրականացնելու վերաբերյալ, շեշտելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, իմ հաղորդման հիման վրա 2007 թվականին հարուցված քրեական գործի նյութերը և Ա. Միրզոյանի ցուցմունքները
– Վլադիմիր Վարդանյան, հարուցված քրեական գործի շրջանակում հիշատակել եմ վերջինիս կողմից գրքերի հնարավոր գողություն իրականացնելու վերաբերյալ, շեշտելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, իմ հաղորդման հիման վրա 2007 թվականին հարուցված քրեական գործի նյութերը և Վ. Վարդանյանի ցուցմունքները
– Արայիկ Հարությունյան, կասկածվում է 2018 թվականի հուլիսին իմ բացակայության ժամանակ ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը:
– Հովհաննես Հովհաննիսյան, կասկածվում է 2018 թվականի հուլիսին իմ բացակայության ժամանակ ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը:
– Հարություն Մարության, նախաքննությանը գիտակցաբար կեղծ տվյալներ տրամադրելու, իմ ստորագրությամբ կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման, ինչպես նաև փողերի լվացման մեջ հանցակցության հիմքով
– Սուրեն Մանուկյան, իմ բացակայության ժամանակ, ինձ հակառակվելով 2017 թվականի օգոստոսին իմ առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը և երկու տեսանյութ, որոնք հանրայնացվել են», – գրել է Դեմոյանը Facebook-ի իր էջում:


