
Կտրվել եք արմատից ու չորացած ճյուղ դարձել․ դպիրը՝ կարգալույծ քահանաներին
Այս նկարն ամեն ինչ ասում է․ շնորհազուրկ կարգալույծները, որոնք սքեմ հագնելու իրավունք այլևս չունեն և հագնում են միմիայն պետպատվերով ու մարդկանց մոլորեցնելով անվավեր ծեսեր կատարելիս, դատարանում ցուցմունք տալու համար եկել ու աշխարհական կերպարով գլխիկոր նստել․ սոցցանցի իր էջում գրել է Սամվել դպիր Գրիգորյանը։
«Հազար ամոթ ձեզ՝ չնայած ո՛չ ամոթ ունեք, ո՛չ էլ՝ տղամարդկություն: Դավաճանի ու ուրացողի պիտակը ձեր վրայից ինչպե՞ս եք մաքրելու: Ձեզ երևակայելով շնորհի ինքնաբուխ աղբյուր՝ կտրվել եք արմատից ու չորացած ճյուղ դարձել:
Կարծում եք, որ ժողովրդի՞ն եք ծառայում:
Ո՛չ, դուք որպես քահանա պետք է ծառայեիք Աստծուն, իսկ հիմա` ծառայում եք սատանային ու այնքան եք գերվել չարից ու խոցվել, որ նույնիսկ դա չեք զգում: Խղճում եմ ձեզ, Տերը ողորմի…
Հանիրավի ձեր մասին է ասված.
«Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք» (Ա Կորն. 5:11):
Իսկ Մկրտիչ Սրբազանը բանտից էլ է եպիսկոպոսի իր հանդերձանքով եկել, որովհետև արժանապատիվ հոգևորական է իր կոչմամբ:
Հարց դատավորին. «Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին» (Սաղմ. 81:2):
Բոլոր մոլորվածները թող աղոթեն, որ իրենց աչքերն Աստված բացի ու տեսնեն ակնհայտը:
Իսկ «բարենորոգիչներին» հարած քահանաները թող սրանց նայեն ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան ու չվերադառնան Մայր Աթոռի կամարների ներքո»,- նշել է դպիրը։


